ՄԱՐԻԱՆՆԱ ԱԼԲԵՐՏԻ ՏԻԳՐԱՆՅԱՆ

 

Ծնվել է Երևանում 1971 թ-ի հունիսի 23-ին: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանի թ. 17 Ձայնի մշակման և պահպանման հատուկ երաժշտական դպրոցում (1979-1986): Գերազանցությամբ ավարտելով Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի երաժշտագիտության բաժինը (1986-1990 թթ.) կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում (1990-1995 թ.): Գերազանցությամբ ավարտել է կոնսերվատորիան, դիպլոմային աշխատանք ներկայացնելով` «Սասնա ծռեր» էպոսից երգվող հատվածներ» ուսումնասիրությունը (մասնագիտական ղեկավար` Ա.Ա. Փահլևանյան):

Հայաստանի ազգային ռադիոյի «Հայաստանի ձայն» գործակալության մշակույթի խմբագրությունում (1994-1995 թ.) վարել է հայ ժողովրդական երգաստեղծության ժանրերի մասին հեղինակային հաղորդաշար (հայերեն, ռուսերեն), որը հեռարձակվել է նաև Սփյուռքում:

Զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. դասավանդելով Արմավիրի արվեստի պետական ուսումնարանում (քոլեջ), ղեկավարելով երաժշտա-տեսական առարկաների բաժինը (բաժնի վարիչ` 1995-2005): Կազմակերպելով բազմաթիվ երաժշտա-ստեղծագործական միջոցառումներ դպրոցականների և ուսանողների համար, բազմիցս արժանացել է պատվոգրերի և բարձրագույն մրցանակների:

Որպես հրավիրված մասնագետ ղեկավարել է Նաիրիի շրջանի Եղվարդի երաժշտական դպրոցի պատմատեսական բաժինը (1997-1998 թթ.), դասավանդելով տեսական առարկաներ:

Ասպիրանտուրայում սովորելու տարիներին (2002-2005 թթ.) խորամուխ է եղել հայ ֆոլկլորագիտության հարցերում, ուսումնասիրության նյութ ընտրելով հայկական հարսանեկան ծեսի առանձնահատկությունները, մանրազնին և համակողմանի աշխատանք տանելով, նորովի է մեկնաբանել ավանդական ծեսը:

2004 թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. պետ կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնում:

2010 թ-ից աշխատում է նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնում որպես գիտաշխատող:

Թեկնածուական գիտական աստիճանի հայցման համար ներկայացրել է «Հայոց ավանդական հարսանեկան գովքերը հնագույն ծեսի համատեքստում» ատենախոսությունը, որը հրապարակային պաշտպանության է դրվել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում 2016 թ. հունիսի 30-ին:

Մ. Տիգրանյանը գիտական զեկույցներով և ելույթ-դասախոսություններով հանդես է եկել ներբուհական և միջազգային գիտաժողովներում: Հայ ժողովրդական ստեղծագործությանը, ինչպես նաև պատմա-տեսական հարցերին վերաբերող հեղինակի հոդվածները հրապարակվել են գրախոսական ամսագրերում: