Հայկական ժողովրդական երգաստեղծության մեջ եզակի չեն այն օրինակները, որոնք ժամանակի ընթացքում կորցնելով իրենց ֆունկցիոնալ դերն ու նշանակությունը, կամ էլ հակառակը` ձեռք բերելով նորը, մի ժանրից մյուսին են անցել և տեղայնացել: Որքանո՞վ է երգային կամ պարային օրինակը պատկանում այս կամ այն ժանրին. ժանրային դասակարգման հարցում երգային օրինակի ո՞ր կառուցողական (մեղեդային, տաղաչափական) սկզբունքով առաջնորդվել:

Ժանրային «երկակիությունը» բնորոշ է, օրինակ, որոշ քնարական-սիրային երգերին, որոնք կարելի է դասել նաև հարսի գովքերգերի շարքին, և այս դեպքում` մեկ ժանրի ելևէջային տիպական դարձվածքների թափանցումը դեպի մյուսը` ավելի քան բնական է:

Այս առումով հետաքրքրություն են ներկայացնում Կոմիտասի «Լորիկ»-ների ձայնագրությունները, որոնք հայկական գեղջկական երգաստեղծության փայլուն օրինակներից են: «Լորիկ» վերնագիրը պայմանական է (յուրաքանչյուր երգային օրինակ ավարտվում է «Լորիկ, լորիկ, լորիկ…» կրկնակով), որն ընդգրկում է «Գացի արտեր, բռնի լոր», «Առավոտուն բարի լուս» և «Առավոտ լոր մտավ արտ» երգերը: Կոմիտասը նշել է, որ այդ եղանակները` մեկից մյուսի զարգացումը ցույց տվող օրինակներ են, ապա դասակարգել է տարբեր ժանրերում` հարսանեկան և քնարական:

Եթե քնարական-սիրային երգերում անհատ երգասացն իր «սուբյեկտիվ» մոտեցմամբ արտահայտում է իր ներքին աշխարհը` որոշակի իրավիճակում ծնված և միայն իրեն բնորոշ հուզականությամբ, ապա հարսանեկան երգերն իրենց մեջ կուտակել և պահպանել են հարյուրամյակների ընթացքում ձեռք բերված ազգային երգամտածողությանը բնորոշ տիպագծեր: Մեր կատարած ուսումնասիրությունները, ինչպես նաև այլ ազգագրական աղբյուրներում զետեղված նույնատիպ երգային օրինակների հետ համեմատական աշխատանքների մանրակրկիտ վերլուծությունները ապացույց են այն բանի, որ նշված երգերի եղանակները ոչ թե «մեկից մյուսի զարգացումը ցույց տվող օրինակներն են», այլ մեկ ամբողջական ավանդական ծիսական հարսնագովք: Ժամանակի քայքայիչ ազդեցությամբ, աղճատվելով և մասնատվելով, այդ երգերը, այնուամենայնիվ, պահպանել են իրենց մեղեդային ինքնությունը: Միայն ծիսական երգերի ավանդականությամբ կարելի է բացատրել «Լորիկ»-ներում առկա մետրառիթմական, տաղաչափական և մեղեդային տիպական մտածողությունը, որը բխում է հարսանեկան երգերի բանաձևային կառուցողական սկզբունքից:

 

Կարդալ հոդվածն ամբողջությամբ (հայերեն լեզվով) >>

Տպագրված է ՝ «Կանթեղ» գիտական հոդվածներ, № 4, Երևան «Ասողիկ», 2017, էջ 253-271